Հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին. Փաշինյանի հարցազրույցը՝ DIE ZEIT-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դի ցայտ» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է: «Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարևոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը: Նա բացառել է, որ որևէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել և մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումը կայանում է նրանում, որ հայտարարել է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ և սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության և ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու և կանգնեցնելու առումով: Մենք մեր հետևորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որևէ դրսևորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝ «Արմենպրես» կայքում: