ՄԻԵԴ այս տարի ակնկալում է Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու մասին իր պահանջի պատասխանը

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի: 

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց փաստաբան Նազելի Վարդանյանը:

«Տարիներ առաջ դիմեցինք ՄԻԵԴ, 2016 թվականին սկսվեց կոմունիկացիան և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին: Ադրբեջանին առաջադրվեցին հարցեր կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ: Նաև հարց կա այն մասին, թե որն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ: Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք ստացել են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան: Ինչպես նաև հարց է եղել այն մասին, թե արդյոք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմել է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե այո, ապա ինչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»,-ասաց Նազելի Վարդանյանը: