Չեմ հեռացրել նրան, քանզի պատերազմի ակտիվ մասնակից է. Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻՆ-ում կադրային փոփոխությունների մասին

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության   կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ փոփոխություններ են տեղի  ունենում նաև   նախարարությունների ներսում՝ սկսած  ներքին կառուցվածքայինից մինչև կադրային  փոփոխություններ, ինչի մասին մամուլում տարատեսակ լուրեր են շրջանառվում:

Այս և այլ հարցերի մասին  ResPublica.am  լրատվականը  զրուցել է   Արտակարգ իրավիճակների  նախարար  Ֆելիքս Ցոլակյանի հետ:

-Պարո՛ն Ցոլակյան,  կառավարության  կառուցվածքային փոփոխությունները ի՞նչպես են  դրսևորվում  ԱԻՆ-ում, ի՞նչ ձևաչափով և աշխատանքային ինչ քարտեզ է մշակվում առաջիկա տարիների համար:

-Ես  խոսել եմ այդ մասին,  ու  ընդգծել, որ  օրենսդրական  փոփոխություններ ենք  նախ պատրաստվում  առաջ  քաշել, որոնք կներկայացնենք Ազգային ժողովի քննարկումներին, սրան էլ կհետևեն արդեն բուն  կառուցվածքային փոփոխությունները, որոնք միտված են  ԱԻՆ  աշխատանքների արդյունավետությունն ու  որակը  բարձրացնելուն: Հարկավոր է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը աղետների հետևանքներ վերացնող կառույցից առաջնահերթ վերածվի  աղետներ կանխարգելող կառույցի: Այս ուղղությամբ այս պահին էլ աշխատանքներ են տարվում:

-Մամուլը,   անդրադառնալով այս հարցին,  կառուցվածքային փոփոխությունները   գլխավորապես կապում էր    մեծ թվով աշխատակիցների կրճատումների հետ, ասել է թե՝ կադրային ջարդի: Անգամ լուր շրջանառվեց, թե ԱԻՆ-ում ևս տեղի է ունեցել կադրային ջարդ: Տեղի ունենալիք փոփոխութուննրը ի՞նչպես են անդրադառնալու  աշխատակիցների  վրա, ի՞նչպես է առաջնորդվելու ԱԻՆ-ը:

— Տեղյակ եմ, թե ինչպիսի նյութեր են շրջանառվում մամուլում. ճաշակի և խղճի հարց է, ինչպես ուզում են, այդպես էլ ներկայացնում են ոմանք:  Բայց  պետք է հստակ  ասեմ, որ ԱԻՆ-ում կադրային ջարդ չի եղել և չի լինելու: Մենք   աշխատում ենք այնպես անել, որ  վերոնշյալ փոփոխությունները  չունենան  էդ կադրային ջարդ կոչվածի ցավոտ հետևանքները: Բայց և այնպես  պետք է նշեմ, որ  լավ աշխատող մարդկանց կողքին չեն շարունակի  աշխատել    վատ աշխատող մարդիկ:

-Պարո՛ն Ցոլակյան,  խոսեցինք    մամուլի հրապարակումերից, կցանկանայի լսել Ձեր  մեկնաբանությունը լրատվականներից մեկում այսօր լույս տեսած՝ փ/ծ գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանի  նշանակման  հետ կապված նյութի մասին, հատկապես նրա դատվածության հանգամանքի մասին: 

— Ինձ արդեն տեղեկացրել են, որ նմանատիպ հոդված է տպագրվել: Ասացին նաև, որ նույնաբովանդակ հոդված տպագրվել է նաև 2017թ.-ին, երբ գնդապետ Մարգարյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Կարապետ Մարգարյանը, եթե չեմ սխալվում, ԱԻՆ համակարգում ծառայում է 2014թ.-ից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Այս պահին էլ նա գործող սպա է և մինչ պռոռեկտոր նշանակվելը, զբաղեցրել է փրկարար ծառայության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնը: Չեմ հեռացրել նրան համակարգից, քանզի պատերազմի ակտիվ մասնակից է, վիրավորված է։ Տեղափոխել եմ այլ աշխատանքի՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, որը նույնպես հետագայում քննարկման թեմա կդառնա: Ինչ վերաբերում է դատվածությանը, ապա և՛ նյութը պատվիրողը, և՛ գրողը քաջ գիտակցում են ու տեղյակ են, որ նրա դատվածությունը մարված է, իսկ դատապարվելու պահին նա արդեն ԱԻՆ Փ/Ծ աշխատակից է եղել: Նույն հարցը ինձ մոտ կարող է առաջանալ, եթե այդպես է, ապա ինչու՞ նմանատիպ հոդվածներ չեն պատվիրվել կամ հրապարակվել նախկինում: Այստեղ մտածելու բան կա:

-Ենթադրում եք, որ և 2017թ.-ին և հիմա տպագրված հոդվածները նույն նպատակն են հետապնդու՞մ կամ այսպես ասած՝ նույն մարդու «ձեռագի՞րն» են:

— Շատ բան կարելի է ենթադրել, բայց կարծում եմ, որ անիմաստ է ժամանակ ծախսել դատարկ բաների վրա, խիղճ և խաղաղություն և՛ պատվիրողներին և՛ պատվերները ժամանակից շուտ կյանքի կոչողներին: