Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը, 
առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը: Այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

«Սա առաջին անգամ է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում , և մենք ևս մեկ անգամ ուզում ենք փաստել, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար: Մեզ համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը, և վստահ ենք, որ այն աշխատանքը, որ  համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները»,- ասել է  Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ  Արտակ Կրկյաշարյանը:

Առավել մանրամասն՝ «Արմենպրես» կայքում: