Պայքարի նոր փուլ․ Ինչպես է Մխիթարյանը ստվերում թողնում «մրցակցին»

1in.am լրատվականը գրում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կարևոր 3 միավոր վաստակեց՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով  «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Ի տարբերություն Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի ԲԱՏԷ-ի հետ վերջին երկու հանդիպումների՝ լոնդոնյան թիմն այս անգամ ցուցադրեց բալանսավորված և ավելի գրագետ խաղ:

Փորձը ցույց է տալիս, որ Էմերիի թիմը շատ ավելի արդյունավետ է գործում, երբ խաղում է 4-2-3-1 դասավորությամբ: Ավելի ստույգ՝ երկու հենակետային կիսապաշտպանների առկայությունը թույլ է տալիս թե՛ հարձակման և թե՛ պաշտպանական օղակի ֆուտբոլիստներին ավելի ազատ գործել:

«Հրաշալի առաջին խաղակես ստացվեց: Մենք չէինք խփի առաջին գոլը, եթե Լենոյի հրաշալի «սեյվ»-ը չլիներ: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր դարպասապահին: Երկրորդ կեսում հակառակորդն ավելի շատ ընդգրկվեց խաղի մեջ, և մենք չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները»,- «Արսենալի» պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է այս հանդիպման գլխավոր հերոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս կարծիքով՝ ֆուտբոլիստների համագործակցությունը ուղղակի հրաշալի է ստացվում: «Մենք պետք է շարունակենք նույն կերպ գործել և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա: Շատ դժվար խաղ է լինելու, ու պետք է պատրաստվենք: Մենք դեռևս պայքարի մեջ ենք ու չենք պատրաստվում հանձնվել: Շատ ուրախ ենք, որ Լակազետն այսքան գոլ է խփում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նա շարունակի իր արդյունավետության շարքը»,- ասել է հայ կիսապաշտպանը:

Ապաքինվելով ծանր վնասվածքից՝ Մխիթարյանը բավական արագ կարողացավ մտնել խաղային ռիթմի մեջ, ինչի արդյունքում «Արսենալի» խաղը զգալիորեն առաջընթաց է ապրել: Ավելի ստույգ՝ երբ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում է, «Արսենալի» գրոհները շատ ավելի արագ ընթացք են ստանում: Նույնը կարելի է ասել նաև պաշտպանողական գործողությունների մասին: Դաշտի միջին հատվածում Մխիթարյանը ակտիվ կերպով շարունակ փորձում է կոտրել մրցակցի գրոհները:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: