Տերմինալներն ու բանկոմատները նոր թղթադրամներ չեն ընդունում. ինչո՞ւմն է խնդիրը

ArmDaily.am-ը գրում է, որ լրատվականի խմբագրությունը վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում կապված նոր թղթադրամների հետ։ Քաղաքացիները բողոքում էին, որ տերմինալներն ու բանկոմատները նոր թղթադրամներ չեն ընդունում։ Բողոքներ կային նաև մետաղադրամների հետ կապված։  «Նոր թղթադրամների ներդրման ժամանակ հայտարարել ենք, որ տերմինալները և բանկոմատները սկզբնական շրջանում չեն ընդունելու նոր թղթադրամները»,- այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։  Բերբերյանը նշեց, որ սա պլանավորված գործընթաց է․ «Որպեսզի նոր թղթադրամները ամբողջությամբ ներդրվեն և հին թղթադրամները սահուն կերպով շրջանառությունից հանվեն, դրա համար հին թղթադրամները բանկերում կանխիկացման միջոցով են մտնում շրջանառության մեջ։ 2019թ-ի գարնանը կամ ամռանը տերմինալները և բանկոմատները կընդունեն նոր թղթադրամները»։ Հարցին՝ քաղաքացիները այս դեպքում խնդիրներ չե՞ն ունենա, Բերբերյանը պատասխանեց․ «Դրամաշրջանառության մեջ նոր դրամները դեռ մեծ ծավալների չեն, որ մարդիկ խնդիրներ ունենան»։ Եզրափակելով խոսքը՝ Բերբերյանը նշեց, որ մետաղադրամների հետ կապված երբևէ խնդիր չի եղել․ «Հնարավոր է տեխնիկական խնդիր լինի, քանի որ մետաղադրամների հետ կապված երբևէ ոչ մի խնդիր չի եղել»։ Հիշեցնենք՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։ Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին դեկտեմբերի 25-ից: Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում ներդրվում են աստիճանաբար: Դրանց շրջանառությամբ, սակայն, հին թղթադրամները կիրառությունից դուրս չեն գա՝ մինչև բնական մաշվածություն ստանալը: 

Առավել մանրամասն՝ ArmDaily.am կայքում: