ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հիշատակել է Սումգայիթի ջարդերի զոհերին

Ինչպես տեղեկացնում է amerikayidzayn.com ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը հանդես եկել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին ուղղված հայտարարությամբ:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի պոգրոմների զոհերի հիշատակին: Տեղի ունեցած ողբերգական մարդկային կորուստները մասն էին միջէթնիկական հակամարտության, որը հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղում: 1988 թվականին այս օրը էթնիկ հիմքեր ունեցող բռնի արշավը հազարավոր անմեղ հայերի դուրս մղեց Ադրբեջանից: Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ շարունակվող բանակցությունները կօգնեն ամոքել այս վերքերը եւ կդառնան խաղաղության եւ հաշտեցման ամուր հիմք», — ասված է Ալսի Հասթինգսի հայտարարության մեջ:

Իր կողմից Հելսինկյան հանձնաժողովն ավելացնում է մամլո հաղորդագրության մեջ, որ «Լեղնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնում է աշխարհի ամենաբարդ եւ երկարատեւ տարածքային եւ էթնիկ հակամարտություններից մեկը: Հակամարտության լուծում չգտած իրավիճակը Հարավային Կովկասն ապակայունացնող մեծ ուժ է»:

Հիշեցնենք, օրեր առաջ կոնգրեսական Հասթինգսը, ով Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Խոջալուի զոհերի հիշատակին:

Առավել մանրամասն՝ amerikayidzayn.com կայքում։