Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է ՃԿՊԱ շրջանավարտներին աշխատանքի ընդունել ԱԻՆ համակարգում․/տեսանյութ/

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 4-ին նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 17 շրջանավարտի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները շնորհել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շրջանավարտները մասնագիտացել են քաղաքացիական ու բնակչության պաշտպանության բնագավառներում:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը շրջանավարտներին մաղթել են մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, կանաչ ճանապարհ՝ նշելով, որ ձեռք բերված մասնագիտությունը կյանքում հետագա քայլերն անելու կարևոր երաշխիքներից է:

«Ուզում եմ շնորհավորել մեր շրջանավարտներին, ցանկանալ հաջողություն: Փրկարարի մասնագիտությունը, որ ձեռք են բերել մեր շրջանավարտները, բարի մասնագիտություն է: Փրկարարը, վտանգելով իր կյանքը, փրկում է մեկ այլ մարդու կյանք: Մաղթում եմ հաջողություններ կյանքում և բարեխղճություն», — շնորհավորական խոսքում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ստանալով ճգնաժամային կառավարման մասնագետի բարձր կոչումը՝ շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները, պահպանել փրկարարի մասնագիտական, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից, հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու հետևանքների վերացման համար:

Շրջանավարտներից 11-ն արդեն իսկ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, 2-ը՝ այլ պետական և մասնավոր հատվածում: Շրջանավարտների երդման արարողությունից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանմանը կազմակերպել մյուս 4 շրջանավարտների՝ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունման գործընթացը։

Առավել մանրամասն՝ mes.am կայքում։