Մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Բելգիայի Թագավորություն

Ինչպես գրում է primeminister.am կայքը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:

Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը:

Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր: Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Կրթությունը համալսարանում կազմակերպվում է 15 ֆակուլտետի, իսկ գիտահետազոտական աշխատանքը՝ առանձին բաժինների և հետազոտական խմբերի միջոցով: Ֆակուլտետները և բաժինները միավորված են 3 խմբում՝ հումանիտար և սոցիալական գիտություններ, բնագիտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ և կենսաբժշկական գիտություն, ընդ որում՝ խմբերից յուրաքանչյուրն ունի դոկտորական դպրոց համապատասխան որակավորման ծրագրերով: Վարչապետին ներկայացվել է նաև Լյուվենի հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ծրագրերը:

Աավել մանրամասն՝ primeminister.am կայքում: