Ոստիկանները հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի հետ լուսանկարված քաղաքացուն

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ: 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: 

Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն: 

Դեպքի հանգամանքները պարզվում են: 
Հավելենք, որ հավանական որսի մասին ահազանգել էր Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, որը նշել էր, որ անգղի հետ լուսանկարվածը Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:

Աղբյուրը՝ tert.am