Արցախի վերադարձը բանակցությունների սեղան չի կարող դրանք փակուղի մտցնել. Զոհրաբ Մնացականյան


«Արմենպրես»ի փոխանցմամբ` մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Արցախի Հանրապետության վերադարձը չի կարող այն փակուղի մտցնել:

«Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք գործընթացի խաղաղ կարգավորմանը հավատարիմ: Սա շատ էական հարց է, մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սա շատ սկզբունքային հարց է` ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն  առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի ու ներգրավվածության արտահայտումը պետք է: Մենք այսօր բանակցում ենք և՛ Լեռնային Ղարաբաղի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ: Սա նախապայման չէ, և մենք ցանկանում ենք շարունակել քննարկել ու գտնել խնդիրների լուծումները»,- ասաել է Զոհրաբ Մնացականյանը:  

Աղբյուրը՝ Արմենպրես