«Ժամանակի հետ նոր երևույթներ են առաջ գալիս.մենք պետք է զարգանանք և մշտապես լինենք զգոն». Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: 

Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ մասնավորապես, հրշեջ կայանների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ: 

Համատեղ իրականացվող ծրագրերից, մասնավորապես, կարևորվել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքները: 

2018 թվականին արդեն իսկ իրականացվել է Արարատի մարզի Մասիս (վերանորոգում) և Սյունիքի մարզի Մեղրի (կառուցում) քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականացման ծրագիրը: 

2019-2021 թվականների ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիի «Գյումրի 1» թաղամասում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Այս համատեքստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը և նշել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է շարունակել առկա համագործակցությունը և ավելի ընդարձակել այլ ուղղություններով: 

«Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց կենցաղը, նոր երևույթներ են առաջ գալիս: Մենք պետք է զարգանանք և մշտապես լինենք զգոն», — իր խոսքում ընդգծել է Ֆելիքս Ցոլակյանը: 

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: