Լրջագույն ֆունկցիա կատարող կառույցի նկատմամբ լրջագույն վերաբերմունք չեմ տեսնում. Ֆելիքս Ցոլակյան

Այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով կանխարգելման և հետևանքների վերացման բնագավառներին, նշել է, որ երկուսում էլ առկա են բազմաթիվ թերություններ:

Ինչպես տեղեկացնում է tert.am լրատվականը, խոսելով կանխարգելման մասին՝ նախարարն ասաց, որ դա քաղպաշտպանության խնդիրն է և կատարվում է աշխատանք, որը հաճախ էֆեկտիվ չէ: «Ավելի կոպիտ կարող եմ ասել, բայց չեմ ասում: Չունենք ապաստարանների նորմալ համակարգ, քաղպաշտպանության գծով բնակչությանը նախազգուշացնող համակարգ չկա, նաև հետևանքի վերացման հետ կապված էլ համապատասխան տեխնիկա չունենք»,-ասաց նա:

Ըստ Ցոլակյանի՝ տեխնիկական վերազինման համար կառավարության կողմից ֆինանսավորում չի եղել երկար տարիներ, ամեն ինչ եղել է դոնորների կողմից: Ըստ նրա՝ այս հարցում վիճակը լավ է և այս տարի հրշեջ ծառայության բնագավառում լիարժեք տեխնիկա կունենանք»,-ասաց նա և նշեց, որ նոր հրշեջ մեքենաներ կստանան Ճապոնիայից և ՌԴ-ից:

Ցոլակյանը բողոքեց, որ լրջագույն ֆունկցիա կատարող կառույցի նկատմամբ լրջագույն վերաբերմունք չի տեսնում: «Հրշեջը ստանում է շատ ցածր աշխատավարձ և մարդը, որ կյանք է վտանգում, գնում է հրդեհ հանգցնելու, չունի համապատասխան մոտիվացիա: Ասում են՝ հրշեջը ծառայում է չորս օրը մեկ, ասում եմ՝ ո՛չ, ժամերի քանակը գումարեք նույնն է ստացվում»,-ասաց նա:

Ցոլակյանը նշեց, որ ունեն 911  ծառայություն և ուզում են կառուցվածքային փոփոխություն իրականացնել: «Կաշխատենք այն ֆունկցիաները հանել, որոնք այդքան կարևոր չեն և անել այն, ինչ պետք է»,-ասաց նա և նկատեց, որ ավելի շատ խնդիրների մասին է խոսում, քան արածի մասին:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: