«Հայավտոկայարան» ՓԲԸ-ում խոշոր չափերի հափշտակման հատկանիշներով քրգործ է հարուցվել

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքոմ և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու վերաբերյալ վարձակալության պայմանագրեր և չպահպանելով այդ պայմանագրերի համապատասխան կետի պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ հնարավորություն են ընձեռել վարձակալներին, ինչպես և դեռևս չպարզված այլ անձանց և կազմակերպություններին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից:

Քննության նյութերով՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվել է շուրջ 43.200.000 դրամ, իսկ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավելի ծախսածի համար հավաքված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 21.655.000 դրամը ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրվել և հափշտակվել է:

Աղբյուրը՝ infocom.am