ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումները


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների:

Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների պատրաստակամությունը, ինչպես նաև  իշխանության ճյուղերը տարանջատելու գործադիրի ցանկությունը: «Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, և կարելի է միայն ողջունել ուժերի իրավական հավասարակշռություն ստեղծելու ցանկացած պատրաստակամություն»,- ասել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է  նպաստել Հայաստանում ժողովրդավարական մշակույթի արմատավորմանը՝ հիմնված բազմակարծության և հանդուրժողականության վրա:

Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում համազեկուցողները տեղեկացվել են, որ իշխանությունների մոտ տեղի են ունեցել տրամադրության և վերաբերմունքի ակնհայտ փոփոխություններ մի շարք ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: Նրանք նաև տեղեկացվել են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքներն արդեն առկա են: «Մենք ողջունում ենք պատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերվում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության  դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- ասել են համազեկուցողները:

Առավել մանրամասն՝  «Արմենպրես» կայքում: