«Սպայկա»-ն վճարել է պետությանը պարտք ողջ գումարը

«Սպայկա» ընկերության պատասխանատուները հավաստիացնում են՝ վճարել են պետությանը պարտք ամբողջ գումարը և չեն թաքցրել հարկերը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սպայկա»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշեց, որ առկա են դա փաստող հաշվետվություններ, որոնք բաց են:

«Պետք է տարին վերջանար, որպեսզի մենք հաշվետվություն ներկայացնեինք: Մեր ընկերությունում չորս տարի ստուգում չէր իրականացվել, հավանաբար դա էր պատճառը, որ նման խնդիրներ առաջացան: Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերությունում ամեն տարի ստուգումներ լինեն: Մենք պատրաստ ենք դրան և բաց ենք: Իսկ թե ինչո՞ւ չորս տարի մեզ մոտ ստուգումներ չեն եղել, պետք է ՊԵԿ-ին հարցնել: Շուտով ամփոփում ենք 2018 թվականը և դիմելու ենք ՊԵԿ-ին ընկերությունում ստուգումներ իրականացնելու համար»,- շեշտեց նա: 

Անդրադառնալով այն հարցին, թե ո՞ւմ է իրականում պատկանում ընկերությունը`  Դավիթ Ղազարյանն ասաց, որ ընկերության սեփականատերն ինքն է և այն հիմնել է  2001 թվականին:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: