Արայիկ Հարությունյանի և Արամ Սիմոնյանի արձագանքը վարչապետի՝ ուսանողների առջև դուռ փակելու մասին հայտարարությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»:

Հարցին` թե ինչպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունը, նա ասաց, որ ԵՊՀ-ի խորհուրդը պետք է նման հարցերը լուծի, նախարարությունը նման լիազորություններ չունի: «Դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ, կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին` թե արդյոք որպես ԿԳ նախարար ցանկանում է, որ Արամ Սիմոնյանը պաշտոնանկ արվի, նա պատասխանեց.

«Այո, ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում: ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և պատկերացրեք, թե ուր է գնում համալսարանը: ԵՊՀ-ն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, բուհը տարել է հետընթացի»,- եզրափակեց Հարությունյանը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: