Մեզ անհրաժեշտ է արդյունավետ աշխատել գիտնականների հետ. Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ` կայացել է ընդգրկուն գիտական քննարկում

Մարտի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների արդյունավետության վերաբերյալ գիտական քննարկում, որը մասնավորապես վերաբերում էր Հայաստանում կարկտահարության դեմ միջոցների ձեռնարկման հնարավորություններին:

Գիտական քննարկմանը մասնակցում էին արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, մթնոլորտային երևույթների ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, թեկնածուներ, դոցենտներ, ուսումնական հաստատությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Ցոլակյանը հույս հայտնեց, որ միջոցառումը կարդարացնի սպասելիքները և կտա ցանկալի արդյունք:

Քննարկումը նպատակ ուներ վեր հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառում Հայաստանում առկա խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները, ինչպես նաև գիտնականների և ոլորտի մասնագետների օգնությամբ գտնել հակակարկտային պաշտպանության արդյունավետ տարբերակներ: Գլխավոր խնդիրն է գտնել բնական տարերքից գյուղացիական տնտեսություններին պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն ու տարբերակը:

ԱԻ նախարարության հիդրոմետ ծառայության հակակարկտային գործունեության, գազագեներատորային և հրթիռային մեթոդով հակակարկտային պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ մթնոլորտային ռիսկերի ապահովագրական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հիդրոմետ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Դպիրյանը, Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գ. Սուրենյանը, Հիդրոմետ ծառայության հակակարկտային ծառայության պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Ա. Հովսեփյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ա. Խաչատրյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ս. Ավետիսյանը:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: