Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, հուլիսից՝ զինծառայողներինը. Վարչապետի լավ լուրը

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցը: Ու այն սկսվեց միանգամից մի քանի լավ լուրով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զեկույցը փետրվարին են պատրաստել, բայց դրան հաջորդել են մի շարք իրադարձություններ, ուստի հայտարարեց՝ ամփոփել են առաջին եռամսյակի արդյունքները ու հաշվարկել՝ 2019-ի պետբյուջեի եկամտային մասը կգերակատարենք 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է: Այսինքն, բյուջեի եկամուտները կլինեն այսքան ավելի, քան բյուջեով նախատեսել էին. «Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ իրավիճակ է, բավական երկար ժամանակ չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ բյուջեի ծավալները կգերակատարվեն, այն էլ՝ այսպիսի մեծ տոկոսով»: Նա ասաց, որ մտադրված են 2019-ի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019-ի սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը՝ մոտ 38 հազար ուսուցիչների մասին է խոսքը: Բացի այդ, պլանավորել են շուրջ 300 կմ ճանապարհների հիմնանորոգում ու նորոգում իրականացնել: Ընդ որում, դրա մեջ չի մտնում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը: Վարչապետն ասաց, որ գիտեին, որ խնայողություններ կլինեին:

Աղբյուրը՝ aravot.am