Հումանիտար օգնություն՝ հեղեղներից տուժած Իրանին. /տեսանյութ/


Քիչ առաջ տեղի ունեցած կառավարության հերթական նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն տրամադրել հեղեղներից մեծ վնասներ կրած բարեկամ Իրանին։ Նախարարը, հիշատակելով Իրանի դեսպանի հետ ունեցած իր հանդիպումը, մասնավորապես նշել է. «Ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք
ԱԻՆ-ի անմիջական մասնակցությամբ՝ հումանիտար օգնություն տրամադրել Իրանին: Պատրաստվում ենք ուղարկվել տեխնիկական միջոցներ, մեքենաներ և փրկարարներ։ Այսօր կամ վաղը կազմակերպելու են այդ աշխատանքը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական mes.am կայքը, մարտի 28-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Հանդիպման ժամանակ նախարարը ցավակցություն էր հայտնել նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի զոհերի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել օժանդակելու տուժածներին:

Ֆելիքս Ցոլակյանը, հիշատակելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ցավակցական հեռագիրը, նշել է, որ ԱԻ նախարարությունը ցանկանում է գործնական մասնակցություն ունենալ արհավիրքի ենթարկված մարդկանց օգնությանը:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: