«Դա տարածքների վերադարձի դիմաց զուտ «խաղաղությունից» բացի այլ բան ստանալու պահանջ է». Eurasianet

Eurasianet կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին գրում է tert.am լրատվականը և հավելում, որ սյունակագիր Ջոշուա Կուչերան գրում է, որ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցություններից հետո, կողմերի միջև «բանավոր պատերազմ» է սկսվել:

Հեղինակը հիշեցնում է մարտի վերջին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նյույորքյան ելույթը, որի շրջանակում նա հայտարարել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևակերպումն այլևս չի լինի և որ հայկական կողմն այն կվերաձևակերպի հետևյալ կերպ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:

«Թեև ասվածներից որևէ մեկն իրականում նորություն չէ, սակայն դրանք հնչեցին շատ անտեղի ժամանակ, քանի որ Տոնոյանի ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վիեննայում հանդիպում էր անցկացնում Իլհամ Ալիևի հետ: Նշվում էր, որ հանդիպումն անցնում է «դրական և կառուցողական մթնոլորտում», որը, սակայն, արագ մթագնեց Ադրբեջանի՝ Տոնոյանի ռազմաշունչ հռետորաբանությանն ուղղված բարկացկոտ պատասխանը»,-գրում է հեղինակը:

Նա մասնավորապես մեջբերում է ադրբեջանական կողմի պատասխանի այն մասը, համաձայն որի՝  «Ադրբեջանն ունի աշխարհում հզորագույն բանակներից մեկն ու կարող է կարճ ժամանակում «ազատագրել» տարածքները»:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: