Քրգործ է հարուցվել. Թոխմախի Մհերն ու որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածքներ

armtimes.com-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը  և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի  24-ի որոշմամբ հաստատված բնակավայրերի  հողերի կադաստրային գնահատման կարգը:

Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին  և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու  թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող  84քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն իր 2245,5քմ մակերեսով սպասարկման հողամասով  780.000 ՀՀ դրամով  օտարվել է Վ. Ս-ին, 748,45քմ մակերեսով  շինությունները և դրա սպասարկման համար 5600քմ մակերեսով հողը 1.550.000 ՀՀ դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ  մակերեսով սպասարկման հողամասով  108.000 ՀՀ դրամով ՝ Դ. Ս-ին: 

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: