ԱԳԼՃԿ-ներում գազը կիլոգրամներով կվաճառվի մայիսի 1-ից. Բաբկեն Թունյան

ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել. դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային Օրենսգրքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

Հարգելի բարեկամներ, 
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել։
Դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային Օրենսգրքում։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։
Նախագիծը վաղը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամյա ռեժիմով։ Այսինքն, օրենքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում վերջնական կընդունվի երեքշաբթի օրը, հետո կստորագրվի երկրի նախագահի կողմից։
ԺԱՄԿԵՏԻ պահով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից, սակայն քանի որ տեխնիկապես դա արդեն անհնար էր, մեր կողմից առաջարկվել է ժամկետը փոխել՝ օրենքի պաշտոնական հրապարակման պահին հաջորդող ամսվա 1-ից։ Առաջարկն ընդունվել է։ Այսինքն, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից։
Ինչ վերաբերում է վերջին օրերին որոշ գազալցակայաններում գազի թանկացմանը, ապա դա այս փոփոխության հետ կապ չունի, և այդ խնդրով պետք է զբաղվեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Աղբյուրը՝ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջ: