Մարդասիրական օգնության շարասյունն ուղևորվեց Իրան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպումից հետո պատրաստակամությու էր հայտնել ՀՀ-ի կողմից աննախադեպ ջրհեղեղի հետևանքով մարդկային և նյութական մեծ վնասներ կրած հարևան երկրին օգնություն ցուցաբերելու հարցում:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, այսօր նախարարությունից դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը:

Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց: 
Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:

Բացման խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատուհասած աղետն աննախադեպ էր իր չափերով և ծավալներով՝ շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:

Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ հայկական կողմն աղետից անմիջապես հետո իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել տուժածներին:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: