Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. Դավիթ Տոնոյան. Mediamax.am

Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել Mediamax.am-ին։ Նախարարն ասել է, որ որևէ սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում

— Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» և «խաղաղություն» եզրույթները: 

— Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք: 

Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումն, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, և նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում: 

— Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

— Կարծում եմ՝ ձևակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

— Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

— Թերևս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետևանք է: 

Խնդիր կա նաև այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչև 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարևորությունը պետք է գիտակցվի և գնահատվի:

Առավել մանրամասն՝ Mediamax.am կայքում: