Այսօր մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում ունենալ անկախ դատական համակարգ. Նիկոլ Փաշինյան

Ինչպես գրում է tert.am լրատվականը, Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարին ամփոփող միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, սակայն որպեսզի այդ փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնցից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ անկախության հռչակման առաջին օրից խոսում ենք անկախ դատական համակարգի մասին, բայց չենք կարողացել ունենալ այնպիսի համակարգ,  որ ապահովի արդարություն:

«Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, այլ ցանկանում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և  երաշխավորել մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է և այդ հարցն առաջին օրից եղել է մեր օրակարգում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանության գործունեությանը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն այս տրամաբանությունից դուրս գործել, նրանք փաստորեն գործում են ՀՀ կառավարության, ժողովրդի դեմ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: