Ադրբեջանցի պատվիրակները արդեն գրանցվել են Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց տալու համար

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է: «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:   

Հարցին, թե ըստ օրակարգի քանի՞  պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում է ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: