Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- գրել է Հովհաննիսյանը:

Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ.Գ.-ն (ծնված 1995 թ.), Ա.Գ.-ն (ծնված 1998 թ.), Մ.Ջ.-ն (ծնված 1999 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ն.-ն (ծնված 1999 թ.), Է.Ս.-ն (ծնված 1999 թ.), Պ.Ք.-ն (ծնված 1999 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.), Դ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Հ.-ն (ծնված 1999 թ.), Շ.Ա.-ն (ծնված 1999 թ.), Վ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ա.-ն (ծնված 2000 թ.), Կ.Մ.-ն (ծնված 2000 թ.), Գ. Ս.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ս.-ն (ծնված 2000 թ.), Գ.Ա.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ե.-ն (ծնված 2000 թ.) և Ռ.Ս.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: