INSARAG-ի 36-ժամյա վարժանք Հայաստանում. փրկարարական թիմը պատրաստվում է վերաորակավորման

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ից մեկնարկել է նախարարության 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը: «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2020 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և ավարտվելու է ապրիլի 16-ի երեկոյան:

Ըստ սցենարի` Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: 

Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում։ Հարևան երկրին օգնություն ցուցաբերելու առաջին քայլը եղել է ԱԻ նախարարությունում գումարված խոհրդակցությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ։ Կայացվել է քաղաքական որոշում՝ համաձայն որի Հայաստանը փրկարարական խումբ է ուղարկում Իրան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին հանձնարարվել է կազմակերպել հայկական ՔՈՓ թիմի արձագանքումն Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը։ 

Վարժանքի հետագա գործողությունները շարունակվել են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ), իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում։

Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է նաև բուն գործողությունների անցկացման վայր՝ տեղում ծանոթանալու Լուսակերտում ՔՈՓ թիմի ծավալած բազայի հնարավորություններին, ինչպես նաև՝ Արզնիի ձորում անցկացվող հետախուզական ու որոնողափրկարարական աշխատանքներին։

Վարժանքին հետևում էին նաև գերմանացի և շվեյցարիացի փորձագետները: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական օգնության արձագանքման գլխավոր պատասխանատու, վարժանքի մենթոր Դեյվիդ Սոխորը բարձր գնահատեց հայկական թիմի պատրաստվածությունը՝ նշելով, որ մինչև որակավորում մեկ տարուց ավելի ժամանակ կա, և որևէ մտավախություն չկա թիմի վերաորակավորման հարցում։

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: