Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարության նիստում հայտարարեց, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», — «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ աղբահանության հետ կապված շատ են ահազանգեր ստացել: «Վիճակը կրիտիկակա՞ն է», — հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, այ դա ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա է կրիտիակականը, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականի», — ասաց Հայկ Մարությանը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: