Աշխարհում մամուլի ազատության զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվել նաև Հայաստանին:

Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառվել է 180 պետություն, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը: Օրինակ՝ 2017-ին Հայաստանը 30,38 միավորով 79-րդ տեղում էր: 

Իր զբաղեցրած դիրքով մեր երկիրը տարածաշրջանային պետություններից զիջում է միայն 60-րդ տեղումգտնվող Վրաստանին: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա դրանք գտնվում են 157-րդ և, համապատասխանաբար, 166-րդ հորիզոնականներում: Տարածաշրջանում վատագույն ցուցանիշն արձանագրել է 170-րդ հորիզոնականում գտնվող Իրանը: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 149-րդն է:

Վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակն ունի հետևյալ պատկերը՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Դանիա, Շվեյցարիա, Նոր Զելանդիա, Ճամայկա, Բելգիա, Կոստա Ռիկա:

Վատագույն տասնյակում են ներառվել Լաոսը, Սաուդյան Արաբիան, Ջիբութին, Սիրիան, Սուդանը, Վիետնամը, Չինաստանը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը:

Նշվում է, որ տարբեր երկրներում մամուլի ազատության ցուցիչը որոշելու համար փորձագետներն օգտվում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ստեղծած հարցաշարից: Հարցաշարում ներառված է 87 հարց, որոնց պատասխանում են տարբեր երկրների մեդիա ոլորտի պրոֆեսիոնալները, փաստաբաններն ու սոցիոլոգները:

Առավել մանրամասն՝tert.am կայքում: