Մարդը, ով իր կյանքը վտանգի տակ է դնում, պետք է բարձր վարձատրվի. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի ասուլիսը

Այսօր՝ ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով իր ղեկավարած գերատեսչության խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին, ասաց, որ այս պահին նախարարությունը նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվելու է փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում։

«Փրկարարների աշխատավարձը ցածր է։ Մեզ տրամադրվեց որոշակի գումար, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ 4 անգամ պարգևավճար տալ իրենց աշխատավարձի չափով, բայց մենք ցանկությունն ունենք նրանց աշխատավարձը բարձրացնել։ Իսկապես ցածր է փրկարարների աշխատավարձը. մարդն իսկապես իր կյանքն է վտանգի տակ դնում, և այդ մարդու աշխատավարձը շատ ցածր է»,- նշեց նա։

«Սա ամենօրյա վտանգավոր աշխատանք է, և իմ կարծիքով՝ պետք այդ մարդիկ բարձր աշխատավարձ ստանան։ Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ չգնահատված է մեզ մոտ»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Նախարարը նաև գոհունակություն հայտնեց միջազգային համագործակցության և դրա արդյունավետության առումով: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զինվածությանն ու դրա մակարդակին` նախարարը նշեց, որ տարվա սկզբին ԱԻՆ-ին տրամադրվել է 10 ամենագնաց մեքենա, նաև 18 հրշեջ, ևս 20-ը նախատեսվում է ընթացքում ստանալ, ինչը տեխնիկապես կվերազինինախարարության ավտոպարկը:

Ուշագրավ էր նաև «Լուսավոր Հայաստանի» առաջարկած հարցը Ոստիկանության և ԱԻՆ-ի միավորման վերաբերյալ , ինչին ի պատասխան՝ Ֆելիքս Ցոլակյանը ասաց, որ Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիաներ ունի, ԱԻՆ-ը՝ ավելի հումանիտար, ավելի մարդասիրական: ԱԻՆ-ը 600-ից ավելի տեխնիկա ունի, որը ձեռք է բերվել հումանիտար օգնությամբ, միանալու դեպքում այդ աջակցությունը բացառվում է:

«Իմ պատասխանը կարող եք գնահատել սուբյեկտիվ: Բայց հումանիտարն ու պատժիչը իրար հետ չեն «բռնում»: Ժամանակին ոստիկանությունն է՛լ ավելի հզոր կառույց է եղել, այսօր սուպերնախարարություն ստեղծելուն ես դեմ եմ»,-եզրափակեց Ցոլակյանը: