Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

Ինչպես տեղեկացնում է armtimes.com լրատվականը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը քիչ առաջ մերժվեց:

Նման որոշում կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Մարինե Մելքոնյանը: Նշենք, որ այս ամիսների ընթացքում ներկայացված գրավի բոլոր միջնորդությունները ըստ էության քննել է հենց այս դատավորը եւ մերժման որոշում կայացրել: Դատավորիներից միայն Դավիթ Բալայանն էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը գտնվում է դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատալեքսում տեղադրվել է նաեւ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: