Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի` եկամտային հարկի վերադարձի միջոցով

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Լիլիթ Մակունցը նոր օրենսդրականփոփոխություններ են առաջարկում հարկային օրենսգրքում:

Նրանք առաջարկում են օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով: Փոփոխության համաձայն՝ անկախ սեփականության ձևից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի` եկամտային հարկի վերադարձի միջոցով: Սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

Գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը:

Եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կառավարությունը կսահմանի մինչև 2019թ.-ի օգոստոսի 1-ը:

Պատգամավորները հիմնավորման մեջ նշել են, որ 2019թ.-ի փետրվարի 14-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն եւ այդ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ հանգամանքների, կարեւորվեց աշխատանքի եւ կրթության քաջալերումն ու աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով:

Առավել մանրամասն՝iravaban.net կայքում: