Մենք կարևորում ենք գործընթացի ակտիվացումը՝ ուղղված ԵԱՏՄ երկրներում գազի գնագոյացման հարցի լուծմանը. Նիկոլ Փաշինյան

Մեզ համար պատիվ է ԵԱՏՄ նախագահությունն ստանձնելը և այսօր կառույցի անդամ երկրների ներկայացուցիչներին ընդունելը: Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այսպես սկսեց իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեր կառավարության համար առաջնահերթ ուղղություններից է, մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույն արդյունավետությանը»,- ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ այսօր Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման բոլոր ուղղություններում անում է բազմաթիվ բարեփոխումներ, որոնց նպատակն է մրցունակ տնտեսություն ստեղծելը: 

«Վերջին տարվա ընթացքում մենք կարողացել ենք կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնել, մենք կարողացանք նվազագույնի հասցնել արհեստական մենաշնորհների գործունեությունը, օլիգոպոլիային: Այսօր ոչ մեկ չի կարող մանիպուլյացիաների դիմել՝ քաղաքական նպատակների հասնելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ դա նպաստել է հասարակական մթնոլորտի առողջացմանը,- քայլեր են ձեռնարկվում նաև ստվերի դեմ պայքարում»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը նաև սկսել է օպտիմալացման գործընթաց՝ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նա նշեց, որ բոլոր այս քայլերը ձեռնարկվում են համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի օտարերկրյա ներդրումները Հայաստանում շատանան: 

Այդ քայլերի շնորհիվ, ըստ Փաշինյանի, նաև կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ կդառնա: «Այս ամենը տեղի է ունենում երկրում ավելի դեմոկրատական ինստիտուտներ ստեղծվելու ֆոնին, ինչպես նաև քաղհասարակության զարգացման և մնացած ազատությունների: Մեր կառավարությունն ունի անվերապահ լեգիտիմություն, աջակցություն հասարակության կողմից, և դա մեզ պարտավորեցնում և միևնույն ժամանակ ոգեշնչում է ավելի խիզախ քայլերի գնալ մեր ժողովրդի և երկրի զարգացման համար»,- ասաց նա: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: