Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն սահմանադրական կարգն է տապալել, այլև՝ 3 մլն դոլար կաշառք է ստացել

Tert.am լրատվականը գրում է, որ 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանի, 2008-ին Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ մեղադրական եզրակացությունների համառոտ նկարագրին:

Համաձայն դրա՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ,  այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: