Դավիթ Սանասարյանը համոզված է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կասեցվելու է

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված  են) համոզված է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Սանասարյանն այդ մասին ասաց ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ դատախազությունում քրեական գործ հարուցվեց հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված: Ես ի սկզբանե ձեզ ասել եմ, որ մեր նպատակը եղել է միայն ու միայն պետական գնումները «Գնումների մասին» օրենքին համապատասխանեցնելը,  տվյալ պարագայում՝ բժշկական կենտրոնների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման հարցը: Ես կարող եմ ասել, որ դատախազությունը մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք: Ես ձեզ հիշեցնեմ, որ երբ եղավ առաջին հրապարակումն այն մասին, թե «Պետական վերահսկողական ծառայությունում Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ բիզնես են խլում» անհասկանալի վերնագրով, հենց սրա մասին էր խոսքը: Այսինքն, մենք հայտնաբերել ենք, որ կա նման խնդիր: Մենք ասում էինք և դատախազությունը փաստեց, որ «Գնումների մասին» օրենքի մի շարք դրույթների խախտումով է անցկացվել հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթը: Ասում ենք, որ երկու անգամ թանկ գնով են վաճառում պետությանը, գերշահույթ են ստանում: Մենք ասում էինք, որ եթե լինի մրցակցություն, բնականաբար, այլ մասնակիցներ կմասնակցեն, իսկ պետությունն ավելի քիչ կվճարի, քան վճարել է»,- մանրամասնեց Սանասարյանը:

Աղավել մանրամասն՝ Արմենպրես