Հայաստանից սև մետաղի ջարդոնի արտահանման համար կսահմանվի տուրք

«Արմենպրես»-ի հաղորդմամբ հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնն արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ջարդոնի արտահանման վրա պետական տուրք սահմանելու նախագիծը:

Նախարարն ավելացրեց, որ վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները ու կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, եթե հետագայում խնդիր ձևակերպվի, որ ջարդոնի որոշ տեսակներ չեն սպառվում Հայաստանում, ապա արտահանող ընկերություններին գումարի փոխհատուցման միջոցով թույլ կտրվի արտահանել դա, բայց այս պահին այդ խնդիրը դեռ չկա։

«ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նշված ոլորտի ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում են շուրջ 1200 մարդ և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,-ասել է Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ «Արմենպրես» կայքում: