Այն ամենը, ինչ պետք է իմանալ բոտուլիզմի մասին

Բոտուլիզմը սննդային թունավորում է, մահվան ելքով դեպքերի բարձր տոկոսով։ Բոտուլիզմ հաճախ արձանագրվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից հետո։ Երբեմն բոտուլիզմի դեպքեր են լինում ապխտած մսից եւ ձկնեղենից։

Հողում միշտ կան բոտուլիզմի հարուցիչներ եւ բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Ահա թե ինչու է կարեւոր միրգը, բարջարեղենը լավ լվանալը։ Սակայն սա ամբողջական եւ հուսալի պաշտպանություն չէ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120 C եւ 1,2 մթն․ ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպես բոտուլիզմի հարուցիչն ընկնում է պահածոյի մեջ, որտեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր եւ թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների՝ բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետեւանքների։

Առավել մանրամասն՝ 911tert.am կայքում: