ԱԺ նախագահը գրություն է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վերջինիս պատգամավորական մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրեց, որ գրություն է ուղարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին.

ԱԺ նախագահը գրել է.

Հետևյալ բովանդակությամբ գրություն եմ ուղարկում ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին․

«Հարգելի պարոն Ծառուկյան,

2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած մամուլին տրված հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային Ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։ Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի, պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի։ Հորդորում եմ այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել նույն օրենքի 4-րդ հոդվածով պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով:

Առավել մանրամասն՝ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում: