«Աերոֆլոտ»-ի օդանավում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Կեսգիշերին Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատեց, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել, առնվազն տասը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Զոհվել են նաև երեխաներ և անձնակազմի մեկ անդամ, ով օգնում էր ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից։

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։

Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ այրվել է։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից 28 րոպե անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կայծակն է եղել։

«Սուխոյ սուպերջեթ»-ի օդաչու Դենիս Եվդակիմովը պատմում է, որ օդանավում կայծակի հետևանքով շարքից դուրս է եկել ռադիոհաղորդակցության համակարգը և անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել։

Հրդեհը բռնկվել է արդեն անհաջող վայրէջքի ժամանակ, թե ինչո՞ւ է բռնկվել, Եվդոկիմովը չի կարող հստակ բացատրել։ Վայրէջքի ժամանակ օդանավը երկու անգամ հարվածել է թռիչքուղուն։

Քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով։

Ինքնաթիռը 2018 թվականի արտադրության էր: «Սուպերջեթ»-ը վատ հեղինակություն ունի։ Այս ընկերության օդանավերը գրեթե չեն գնում արտասահմանյան ընկերությունները։

Հիշեցնենք՝ փորձնական թռիչքի ժամանակ՝ դեռևս 2012 թվականին, Ինդոնեզիայում «Սուպերջեթ»-ը կործանվել էր, զոհվել էր 45 մարդ։

Առավել մանրամասն՝ azatutyun.am կայքում: