Խաղաղություն բոլորիս, ոչ միայն պատերազմների, այլև բոլոր հնարավոր աղետների առումով.Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը գրում է, որ որ երեկ՝ մայիսի 6-ին, ԱԻՆ շարահրապարակում տեղի է ունեցել 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների տարիներով չի պայմանավորված միայն և բնավ դրանցով չի սահմանափակվում:

«Անհնար է մոռանալ դեռևս 1988թ.-ին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին, ճապոնական կողմից հայ ժողովրդին մեկնված օգնության ձեռքը: Այդ օրերին Ճապոնիայի Մուսաշինո, Մացույամա, Օգավա, Ակիտա և մի շարք այլ քաղաքների Կարմիր Խաչի հիվանդանոցներից ընդհուպ մինչև 6 ամսով աղետի գոտի էին գործուղվել տասնյակ բուժաշխատողներ, փոխանցվել են մի քանի միլիոն իենի հասնող արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիկներ, դեղորայք»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով բարեկամ Ճապոնիայի ժողովրդին, ընդգծել է Հայաստանին աջակցության հարցում Ճապոնիայի ներդրած ավանդը:

«Ձեր օգնությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը հատկապես զգալի է եղել բնական աղետներից պաշտպանության մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայությունների ունակությունների արդիականացմանը և այլ հարցերի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան հայերեն հնչեցված իր ելույթում անդրադարձավ տրամադրվող տեխնիկայի Հայաստանի համար անհրաժեշտության հարցին:

«Սա իսկապես նշանակալի ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում աղետների կանխարգելմանը, առաջնային շրջաններ հանդիսացող Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարար ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը: Այդ պատճառով Ճապոնիան առաջնահերթ է համարում աջակցել Հայաստանին հենց աղետների կանխարգելման բնագավառում»:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: