Ես շատ ցավեցի, երբ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու ուռենիները կտրվեցին, բայց կյանքն այդպես է՝ նոր բան անելիս մի բան պետք է քանդվի. Արթուր Մեսչյան

«Ճիշտն ասեմ՝ ես շատ ցավեցի, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու ուռենիները կտրվեցին»: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Կոնկրետ այն ուռենին, որ դուրս էր գալիս Շահումյան հրապարակ, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի, որովհետև ես սիրում էի այդ ծառը և հենց ինքն այն ծառն էր, որի տակ դրված էր ջուր ծախող տղայի արձանը, և ինքը լրիվ կազմակերպված միջավայր էր»,-ասաց նա: 

Մեսչյանի կարծիքով՝ այդ արձանի ճակատագիրն ավելի շատ հենց այդ ուռենին լուծեց:

«Հենց կտրվեց ուռենին, արձանը կախվեց օդում, և հիմա գտնվում է Անգլիական այգում»,-ասաց նա և հավելեց, թե օրինաչափ է, որ երբ մի նոր բան ես անում, մի բան պետք է քանդվի, մի բան կտրվի:

«Կյանքն այդպես է, ոչ մի բան զուտ որպես շարունակություն չի գնում: Հիմա, ի վերջո, այգին կազմակերպվեց, ստացվեց»,-ասաց նա և խորհուրդ տվեց այցելել և տեսնել, որ այգում  երեկոյան ասեղ գցելու տեղ չկա:

Նա նշեց, որ հետաքրքիր խնդիր է լուծել այգին՝ Հանրապետության հրապարակի կեսը երեկոյան  իջնում է ներքև. «Բավական ռեգրացիոն բաշխում է կատարվում և բավական հետաքրքիր տենդենց է»:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ հազար ու մի ճաշակ կա, և մի բանը չի կարող միշտ բոլորին դուր գալ:

«Ամեն մեկն իր ճաշակն ունի, վերաբերմունքը՝ մեկին դուր է գալիս, մյուսին՝ չէ: Փաստը մնում է  փաստ՝ տղերքը եկան, կառուցեցին, և ես՝ որպես ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ երևանցի, շնորհակալ եմ, լավ գործ արեցին տղերքը: Իսկ ծառը կարելի էր պահպանել: Ես կպահպանեի, ինչ ասեմ»,-եզրափակեց Մեսչյանը:

Աղբյուրը՝ tert.am