Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթևեկեն էլեկտրամոբիլներով

Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ պետական մեքենաները կլիցքավորվեն էլեկտրականությամբ: Կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում ծրագրի մանրամասները ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ծրագիրը իրականացվելու է դրամաշնորհային միջոցներով՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը տրամադրում է 700 հազար եվրո: «Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 մեքենա՝ կախված նախարարների քանակից, սակայն մեկ այլ ծրագրով հնարավոր է նոր համալրում լինի, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին: Օրինակ, նախագահը նույնպես հետաքրքրություն է հայտնել: Շքեղ մեքենաներ չեն լինելու, լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,- ասել է նախարարը:

Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրության ավելացմանն ուղղված պետության ջանքերը դեռ ներմուծման մաքսատուրքից ազատման նախագիծն է ցույց տվել, որն արդեն խորհրդարանում է, ընդունման դեպքում հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ: Տեսանյութում նշվում է, որ սրա տրամաբանական շարունակությունն է այս ծրագիրը, երբ պաշտոնյաները սեփական օրինակով ցույց կտան բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Առավել մանրամասն՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: