Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 75 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Վարդանյանն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/22/1125397/

Առավել մանրամասն՝ Shamshyan.com— կայքում: