Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ալ Զաաբիի հետ քննարկել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արաբական համագործակցության հեռանկարները

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին՝ քննարկելու համար արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արաբական համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ժամանակ նախարար Ցոլակյանը հիշատակել է 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ԱԻՆ և ԱՄԷ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի արդյունավետ իրագործման համար առաջարկել է երկու կողմերից նշանակել համակարգող պատասխանատուներ: 

Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ երկու երկրներում տեղի ունեցող աղետները տարբերվում են իրարից, մասնավորապես՝ ՀՀ-ին բնորոշ են անտառային հրդեհները, տեղումների հետևանքով առաջացող աղետները՝ հետաքրքրվելով ԱՄԷ-ում կիրառվող փորձով, հատկապես, բարձրահարկ շենքերի հրդեհների մարման և բնակչության տարհանման ժամանակ կատարվող աշխատանքներով:

Մուհամմադ Ալ Զաաբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ որպես երիտասարդ պետություն, ԱՄԷ-ն կարևորում է ավելի հին պետությունների փորձը:

Նա կարևորել է, իրենց երկրի կառուցման և կայացման գործում մեր հայրենակիցների ավանդը:

Դեսպանն ուրախությամբ է փաստել, որ մեր երկու երկրները նման են անվտանգության և ապահովության առումով՝ նշելով, որ ԱՄԷ-ն հնարավորինս օժանդակում է բարեկամ երկրներին և շեշտելով, որ ունի իր երկրի արտգործնախարարի հանձնարարությունը՝ մանրակրկիտ և արդյունավետ աշխատանք իրականացնել հայաստանյան կառույցների հետ:

Այս առումով՝ դեսպանն առանձնապես կարևորել է հումանիտար առաքելություն ստանձնած ԱԻ նախարարության հետ կատարվող աշխատանքը:

Նախարար Ցոլակյանը և դեսպան Ալ Զաաբին պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և գործնական լուծումներ տալ առկա մարտահրավերներին:

Աղբյուրը՝ mes.am