«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով ՈւԵՖԱ-ից ԵԼ եզրափակիչը տեղափոխել Բաքվից

Ինչպես գրում է tert.am լրատվականը, Լոնդոնյան «Արսենալի» երկրպագուները խնդրագիր են կազմել #BoycottBaku հեշթեգի ներքո և ստորագրահավաք սկսել՝ ընդդեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշման:

Խնդրագրում նշվում է, որ աննախադեպ խնդիրների պատճառով «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուներից շատերը չեն կարող ներկա գտնվել ԵԼ եզրափակչին:

«ՈւԵՖԱ-ի՝ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը ստիպել է «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուրս մնալ խաղից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 

ՈւԵՖԱ-ի որոշումն անամոթաբար առաջնահերթությունը տալիս է եկամուտին՝ մի կողմ թողնելով գեղեցիկ խաղի սրբությունն ու ֆուտբոլիստների անվտանգությունը: Խնդրագիրը կոչ է անում ՈւԵՖԱ-ին գիտակցել այդ որոշման անբարենպաստ հետևանքներն ու խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ»,- ասվում է խնդրագրում:

Ավելի վաղ Բաքվում խաղն անցկացնելու որոշումը բոյկոտելու կոչով հանդես էր եկել CNN-ի հայտնի հաղորդավար Պիրս Մորգանը:

Աղբուրը՝ tert.am