«Արսենալի» երկրպագուները՝ Քիմ Քարդաշյանին. «Դուք տեղյակ չե՞ք, որ ձեր հայ եղբայրը Բաքվում ԵԼ եզրափակչում չի խաղալու»

«Արսենալի» երկրպագուները քննադատում են Քիմ Քարդաշյանին այն բանի համար, որ նա չի արտահայտվում Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելուց հրաժարվելու մասին: Երկրպագուները վստահ են, որ Քարդաշյանը իր հսկայական ազդեցությամբ կարող էր աշխարհին իրազեկել, որ Մխիթարյանը մրցաշրջանի վճռական հանդիպումը բաց է թողնում քաղաքական դրդապատճառներով: «Արսենալի» երկրպագուները ուշադրություն են դարձրել 2016 թ. ապրիլի 24-ին Քիմի թվիթին, որտեղ նա գրել է. «Մեկ տարի անցավ այն ժամանակից, երբ քույրերս, Քլոյեն, Քանյեն, Նորթը եւ ես այցելեցինք Հայաստան եւ շատ բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին»: Ֆանատներից մեկը Քարդաշյանի այս գրառմանը պատասխանել է. «Դուք տեղյակ չե՞ք, որ ձեր հայ եղբայր Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի եզրափակչում չի խաղալու Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով»: Մեկ այլ երկրպագու ավելի խիստ է արտահայտվել. «Երբ բոլորին հարմար է, թվիթներ են գրվում Հայաստանի մասին: Երբ Մխիթարյանը հայտարարեց, որ չի խաղալու ԵԼ եզրափակչում, լռություն ենք տեսնում: Դուք խայտառակում եք ձեր երկիրը»:

Աղբյուրը՝  aravot.am