ՉԺՀ-ն պատրաստ է խորացնել փոխշահավետ գործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ վարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իին:

Ինչպես «Արմենպրես»-ն է տեղեկացնում, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, վարչապետ Փաշինյանը ողջունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարին Հայաստանում և ջերմությամբ հիշել վերջերս Չինաստան կատարած իր այցը: «Շատ արդյունավետ և լավ հանդիպումներ եմ ունեցել Չինաստանի նախագահի, վարչապետի, չինաստանյան գործարարների հետ և ուրախ եմ, որ մեր քննարկումների արդյունքներով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այդ նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև համագործակցության, փոխադարձ վստահության և գլոբալ կայունության ամրապնդման տեսանկյունից: Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդներին միավորում են ամուր մարդկային կապերը և ջերմ հյուրընկալությունը», — նշել է ՀՀ վարչապետը:

ՉԺՀ պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության և «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցության համար:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: