«Հյուսիս-Հարավ» ծրագրին վերաբերող քրգործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել

Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտելու և վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: 

Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տեղի ունեցած տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ:

Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինանրարական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ շուրջ 1.2մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:

Առավել մանրամասն՝ infocom.am կայքում: